Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը` զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: