Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որտեղ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին։
Պատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման մասին հարցին՝ նախագահն ասել է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»:
Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ, հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը:
«Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», - ասել է նա:
Հարությունյանը շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին է անդրադարձել, ճգնաժամը հաղթահարելու կառավարության աշխատանքը բավարար է գնահատել:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարց ու պատասխանով:13 պատգամավորի կողմից հնչել է 24 հարց: Դրանք պարենային անվտանգության, ինտերնետ կապի հասանելիության, բերքահավաքի կազմակերպման հնարավորությունների, ներկրվող ապրանքների ու դրանց գների վերահսկման, ջրի անվտանգության ապահովման, աղանդների դեմ պայքարի, կրթական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ էին:
Հարցերին պատասխանել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:
Այնուհետև խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները» օրենքի նախագիծը:
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։