30 հունիսի 2023 - 13:04 AMT
ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ձևավորումը չհամաձայնեցված հարցերի թվում է

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի ԱՄՆ-ում ավարտված բանակցությունների արդյունքում որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ձևավորում», - տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: