ԱԺ–ում «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների գործունեության խնդիրները» թեմայով հունիսի 30-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունքները պետք է տեսախցիկներով կահավորված լինեն բռնության դեպքերը նվազեցնելու համար։
Փաստաբանները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին բարձրաձայնելու և դրանք կանխելու նպատակով։
«Ոստիկանական համակարգը բարեփոխելու համար որոշ միջազգային կառույցներ լուրջ ֆինանսական միջոցներ են տրամադրել։ Դետալների մեջ չեմ մտնում, բայց այսօր մեր ոստիկանական բաժանմունքները պետք է կահավորված լինեն տեսախցիկներով, սակայն դրանք բացակայում են։ Շատ տարակուսելի է, մանավանդ այն պայմաններում, երբ համապատասխան ֆինանսավորումն առկա է եղել։ Մեր բողոքն այն է, որ միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորում են և աջակցում են մեր դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելուն, առնվազն պետք է հետևեն դրա արդյունքին։ Արդյունքն էլ այն է, որ փաստաբանների են ծեծում»,– ասել է Բաբայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նա կոչ է արել չթուլացնել փաստաբանական ինստիտուտը, քանի որ անգամ ոստիկաններն ունեն իրենց կարիքը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ Փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։