3 հուլիսի 2023 - 11:11 AMT
Վարդանյան. Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի` դա անհաջող բանակցողն է

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, գրել է, որ «Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի»:

«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։

Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։