«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն կարող են միանալ նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորի, Սյունիքի մարզկենտրոն Կապանի, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները։ Այդ մասին ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
«Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար:
Մասիսում ստորագրահավաքն իրականացվում է Կենտրոնական հրապարակում տեղակայված Մասիսի քաղաքապետարանում։
Կապանում այն գտնվում է Չարենց 2 հասցեում գտնվող Մշակույթի կենտրոնում, գրում է Panorama.am-ը։
Վանաձորում ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է այցելել Տիգրան Մեծի 22 հասցեում տեղակայված Վանաձորի քաղաքապետարան։
Նախաձեռնության մարզային մեկնարկը տրվել էր Շիրակում՝ Վարդանանց հրապարակում գտնվող Գյումրի քաղաքի համայնքապետարանում։
«Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է ունենալ անձնագիր կամ ID քարտ։ Ստորագրում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00։ Հիշեք, որ պարտավոր չեք ստորագրել ըստ գրանցման վայրի»,-նշել են նախաձեռնությունից։
60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն։ Եթե այդ քանակով ստորագրություն հաջողվի հավաքել, ապա հնարավոր կլինի նախագիծ մտցնել Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չընդունի, այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ ևս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։ Այդ դեպքում շրջանցում են նաև Ազգային ժողովը ու գնում հանրաքվեի։