Վարուժան Ավետիսյանի որդին ազատ է արձակվել. Նրան մեղադրանք է առաջադրվել

Վարուժան Ավետիսյանի որդին ազատ է արձակվել. Նրան մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. նա ազատ է արձակվել, հայտնում է Factor.am-ը։

Նա ձերբակալված էր ավելի քան 65 ժամ։ Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

«Վարչապետին «վիժվածք» և «դավաճան» կոչելը դիտվել է որպես վիրավորանք և Դավիթին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվել։ Մեզ երեք փաստաթուղթ են տվել՝ ձերբակալման, ազատ արձակման և հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, բոլորում նկարագրված դեպքն ու բառերը տարբեր էին այն դեպքում, երբ միայն մեկ ոստիկան է ցուցմունք տվել»,- նշել է Պապիկյանը։

Ավետիսյանը, դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից, պատասխանել է հարցին, թե զղջո՞ւմ է արդյոք իր արարքի համար, գրում է «Առավոտը»։

«Ես զղջում եմ, որ ավելին չեմ արել, միայն բավարարվել եմ ճշմարտությունով։ Այն, ինչ վիրավորանք կամ հայհոյանք կարող է ինքը համարել, դա այդպես չէ, քանի որ ընդամենը ճշմարտությունն եմ ասել և զղջում եմ, որ ավելին չեմ ասել։ Ես արել եմ այն, ինչ վայել է առաջին և միակ հանրապետության քաղաքացուն»,-ասել է նա։

Հուլիսի 2-ին 16:00-ի սահմաններում Անգլիական այգում Դավիթ Ավետիսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։ Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վայրկյաններ անց ոստիկանները տղային բիրտ ուժով պառկեցրել են գետնին՝ փակելով շնչուղիները, այդ ժամանակ Դավիթն արտաբերել է «դավաճան, վիժվածք» բառերը։

«Մոտ կանգնած մարդիկ ասել են, որ տղան Վարուժան Ավետիսյանի որդին է։ Ոստիկանների մի մասը, որոնք ավելի ուժեղ էին սեղմում Դավիթին, հեռացել են, իսկ մնացածը բերման են ենթարկել տղային Կենտրոնի ոստիկանական բաժին»,- ասել էր Պապիկյանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---