ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդ․ Նախագծով հնարավոր է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդ․ Նախագծով հնարավոր է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսել նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Որպես առաջարկվող լրացման հիմնավորում՝ ընդգծվել է նախաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը՝ շեշտելով, որ նման իրավակարգավորումը էապես կնվազեցնի ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կարծիքով՝ նախագիծը կարող է առաջացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճի նոր վտանգ, գրում է «Առավոտը»։

Գիտխորհուրդն իր տեսակետի մանրակրկիտ հիմնավորում է ներկայացրել և նշել է, որ, ինչպես առաջարկվող լրացումը, այնպես էլ դրա հիմնավորումներն անընդունելի են։

Նշվում է, որ նախաքննական մարմինների և դատարանների բեռնվածության թեթևացման նպատակին ուղղված քայլերը կարևոր են և ողջունելի, այնուամենայնիվ, դրանք չպետք է խախտեն քրեաիրավական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը, սպառնալիք հանդիսանան իրավական անվտանգության համար և հանգեցնեն օրինականության հիմքերի խարխլմանը։

«Վերոնշյալով պայմանավորված՝ կարծում ենք, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներով գործուն զղջալու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորության նախատեսումը, հատկապես նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու պատճառաբանությամբ, անընդունելի է, իր մեջ բազում թաքնված վտանգներ է պարունակում, իսկ օրինագծի ընդունումը խիստ բացասական հետևանքներ կառաջացնի հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից՝ միաժամանակ ձևավորելով անարդարության ու անպատժելիության մթնոլորտ հասարակության շրջանում։ Միևնույն ժամանակ, կարծում ենք՝ ինքնին վիճահարույց է նաև գործուն զղջալու ինստիտուտի կիրառմամբ իրավապահ համակարգի ծանրաբեռնվածության թեթևացման պատճառաբանությունը, քանի որ քրեական պատասխանատվությունից ազատելու վերոնշյալ տեսակի պարագայում, այսպես թե այնպես, վարույթ է նախաձեռնվելու, քննություն է իրականացվելու, շատ դեպքերում գործը հասնելու է դատարան, այսինքն՝ պետությունը գործադրելու է թե՛ մարդկային, թե՛ նյութական ռեսուրսներ, որպիսի պայմաններում նախատեսվող փոփոխությունը ոչ միայն չի ծառայելու իր նպատակին, այլև հանգեցնելու է բազմաթիվ բացասական հետևանքների։ Չեն կարող բացառվել նաև սուտ ցուցմունքներով աջակցության իմիտացիայի երևույթները, որոնք էլ ավելի են ծանրաբեռնելու մինչդատական վարույթ իրականացնող մարմինների աշխատանքը: Այսպիսի լրացումը հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից խիստ խոցելի է, չունի կրիմինալոգիական հիմնավորվածություն, անտեսում է կրիմինալոգիական իրականությունը և հակասում քրեական իրավունքի գիտության արդի միտումներին»:

Նշվում է, որ առաջարկվող լրացումը խոչընդոտելու է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած որոշ կառուցակարգերի կիրառմանը (համագործակցության վարույթ, համաձայնեցման վարույթ)։ Հետևաբար, այս տեսանկյունից ևս առաջարկվող լրացումը խնդրահարույց է լինելու՝ առաջացնելով աններդաշնակություն, ընդհուպ՝ հակասություն նյութական և դատավարական օրենսգրքերի միջև։

Երկրորդ՝ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխության բովանդակությունից բխում է, որ այն ըստ էության օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու և գործուն զղջալու ինստիտուտների խառնուրդ է.

«․․․Զուգահեռներ չեն կարող անցկացվել անգամ առաջարկվող լրացման և քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատման գործող այլ նորմերի միջև։ Քանի որ պատժից ազատման բոլոր դեպքերում մեղադրյալի համար առաջանում են քրեաիրավական հետևանքներ, իսկ, օրինակ, վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատման դեպքում հիմնավորումներն այլ են. հանցանքն ավարտելուն հաջորդող օրվանից անցել է բավական երկար ժամանակ (ծանր հանցանքի դեպքում՝ 15 տարի, առանձնապես ծանր հանցանքի դեպքում՝ 20 տարի), այս ժամանակահատվածում պետությունը չի կատարարել հանցանքը բացահայտելու և այն կատարած անձին պատասխանատվության ենթարկելու իր պոզիտիվ պարտականությունը, անձը մինչև վաղեմության ժամկետը լրանալը նոր հանցանք չի կատարել, ինչը վկայում է այն մասին, որ նրա նկատմամբ պատիժ նշանակելը այլևս անիմաստ է։ Ընդ որում, վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից:

Եթե ընդունենք, որ օրենսդրական այս փոփոխությունը նաև նպատակ է հետապնդում խրախուսելու հանցանք կատարած անձին՝ համագործակցելու քրեական հետապնդման մարմինների հետ, ապա հարկ է փաստել, որ այս առումով գործող քրեական օրենսդրությամբ բավարար համարժեք գործիքակազմ է նախատեսված»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախագիծը հատկապես չի համապատասխանում մարդու արդար դատաքննության իրավունքի սահմանադրական հիմքերին, քանզի դրա արդյունքում ոչ միայն զուտ արդարադատության գործառույթներ են փոխանցվում մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին, այլև խաթարվում է օրենքի հետադարձ ուժի սահմանադրական սկզբունքը:

«Եզրակացություն. նախագիծը ոչ միայն չի համապատասխանում Սահմանադրությանը, միջազգային իրավունքի հիմնադրույթներին, ինչպես նաև քրեական օրենսդրության խնդիրներին ու նպատակներին, հիմնավորված չէ այլ պետություններում առկա կարգավորումներով, լավագույն փորձով, այլև կարող է առաջացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճի նոր վտանգ և մինչդատական վարույթ իրականացնող մարմինների անհարկի ծանրաբեռնվածություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ քրեական օրենսգրքում առաջարկվող վերը նշված լրացումները չեն կարող ընդունվել»,-ասվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կարծիքի մեջ:

Գործուն զղջալը քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու ավանդական տեսակներից է, ինչը կոչված է տնտեսելու քրեաիրավական հարկադրանքն այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձը իր հետհանցավոր դրական վարքագծով ապացուցում է, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելն անիմաստ է: Ընդ որում, գործուն զղջալու ինստիտուտի գործադրման պայմանները թե՛ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (հոդված 72), թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով (հոդված 81) նույնական են՝ գործուն զղջալու հիմքով անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից միայն առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---