Փաստաբանները պահանջում են ՀՀ ոստիկանապետի հրաժարականը․ Եռօրյա գործադուլ կանեն

Փաստաբանները պահանջում են ՀՀ ոստիկանապետի հրաժարականը․ Եռօրյա գործադուլ կանեն

PanARMENIAN.Net - Հայաստանի փաստաբանական համայնքը պահանջում է ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը. այդ պահանջով հայտարարվում է եռօրյա գործադուլ՝ հուլիսի 11-13-ը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել է, թե խնդիրը միայն փաստաբանների հետ կապված չէ, այսինքն՝ անձնական-մասնագիտական ամբիցիայի հարց չէ, այլ իրավապաշտպան գործունեությանը խոչընդոտելու նոր գործիքների ներդրման դեմ պայքար է, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Անձինք ոչ թե ուղղակի կոնֆլիկտ են ունեցել ու այդ անձինք փաստաբան են, այլ այդ անձինք կոնֆլիկտ են ունեցել, որովհետև ուզել են իրենց վստահորդին մասնագիտական օգնություն ցույց տալ, ու խոչընդոտվել է մասնագիտական գործունեությունը, խոշտանգվել է վստահորդը, գործողությունները կանխարգելելու եկած փաստաբանի նկատմամբ է բռնություն կիրառվել, վերջինիս անհիմն մեղադրանք է առաջադրվել, իբր թե, խուլիգանություն է կատարել։ Քանի որ արդեն երկրոդ միջադեպն է, նախորդ միջադեպին պատշաճ իրավական գնահատակն չէին տվել ու, հաշվի առնելով ոչ միայն փաստաբանների, այլև օրեցօր ավելի հաճախ երևացող տվյալները ոստիկանական, քննչական բաժիններում անձանց նկատմամբ բռնության, խոշտանգումների դեպքերի, արդեն հասկացանք, որ կարիք է առաջանում ավելի կոշտ եղանակներով այս հարցը բարձրաձայնել», - նշել է նա։

Նախորդ գործադուլի ժամանակ փաստաբանները պահանջել էին կոնկրետ մեղավոր ոստիկաններին ու նրանց վերադասին հեռացնել աշխատանքից, սակայն ոստիկանությունն անհաղորդ է եղել պահանջներին, որևէ դիրքորոշում չի արտահայտել։

«Սա ընդունում ենք որպես դիտավորություն ոստիկանության կողմից, համակարգված վերաբերմունք փաստաբանների նկատմամբ ու արդեն խնդիր ենք բարձրացնում հենց կոնկրետ ոստիկանապետի հրաժարականի հետ կապված։ Եռօրյա գործադուլի առաջին օրը ներկայացնելու ենք այս պահանջը ոստիկանությանը, երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու տարբեր գործողություններ, որի մասին այս պահին չեմ բարձրաձայնի, քանի որ տեղում դա պետք է արվի, որոշ գործողություններ էլ դեռ պլանավորվում են»,- մանրամասնել է Հովհաննես Խուդոյանը։

Հունիսի 7-ին Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից փաստաբան Կարեն Ալավերդյանը ծեծի էր ենթարկվել, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ էր կիրառվել։ Փաստաբանները Ներքին գործերի նախարարությունից պահանջել էին անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները, նաև՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները։

Փաստաբանները բողոքի ակցիաներ ու մեկօրյա գործադուլ էին արել, սակայն ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու մեկ օրյա ակցիան որևէ արդյունք չեն տվել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---