12 հուլիսի 2023 - 18:24 AMT
ԵՄ-ն կրկին կոչ է արել Ադրբեջանին ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Եվրամիության արտաքին գործերի ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախ ԿԽՄԿ մուտքի արգելափակման կապակցությամբ՝ կրկին կոչ անելով Ադրբեջանին ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասում ներկայություն ունեցող միակ խոշոր մարդասիրական կազմակերպությունն է:

«Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան։ Լաչինի միջանցքի երկայնքով Կարմիր Խաչի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են ապահովելու , որ ԿԽՄԿ-ն կարողանա շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: