Նախարարը` զինանշանի հնարավոր փոփոխության մասին․ Մտածելու բան ունենք

Նախարարը` զինանշանի հնարավոր փոփոխության մասին․ Մտածելու բան ունենք

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վերջերս ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ՀՀ զինանշանը մեր ապագայի հետ կապ չունի, ասել է, որ պետական խորհրդանիշերը պետության դեմքն են, և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի։

Փաշինյանն ասել էր, որ զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորության զինանշանները, Նոյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնված պետության հետ կապ չունեն։

«Մենք մտածելու բան ունենք, և այս հարցը ձևակերպված է նաև մասնագիտական դաշտի կողմից, հետևաբար կարծում եմ` դա այն հարցերից է, որի ուղղությամբ պետք է բավականին աշխատանք տարվի, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության մասին ավելի հստակ պատկերացում կազմվի»,– նշել է Անդրեասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը, և Նիկոլ Փաշինյանի խոսքերը հենց դրա մասին էին։ Նախարարը կարծում է, որ մասնագետները կգտնեն ճիշտ լուծում։

«Այս պահին որևէ ձևաչափով աշխատանքային խումբ չկա։ Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,– ասել է նախարարը։

Նա նշել է, որ տարբեր մասնագետներ արդեն խոսել են զինանշանի որոշ խնդիրների մասին։ Որպես ոլորտը համակարգող նախարար` ինքն առաջին հերթին կարիք ունի լսելու մասնագետների խոսքը։

ՀՀ զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---