Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է արագացնի Հայաստանին պաշտպանական զենքի մատակարարումը։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու համար նրա պաշտպանությունը»,- ասվում է գրառման մեջ։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ և միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում: