Գերագույն հոգևոր խորհուրդ․ Մեր հորդորն է ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքից

Գերագույն հոգևոր խորհուրդ․ Մեր հորդորն է ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքից

PanARMENIAN.Net - ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ վրդովմունքով արձանագրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակն ԱՀ-ում:

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հորդորել է Հայաստանի իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքից։

«Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի, ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ:

Ստեղծված ծանր կացության մեջ, երբ Արցախի ժողովուրդը զրկված է անհրաժեշտ սննդի, դեղորայքի և կենսական պարագաների մատակարարումներից և բախվում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, դիմում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում: Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային և թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի և հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն:

Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսևորել վճռականություն և մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։

Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս՝ աննվազ հետևողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի և նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի:

Թող Աստված օրհնի Հայաստան և Արցախ մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. Ամեն»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:

Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---