«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»․ Պետք է օդային միջանցք բացել` առաջին անհրաժեշտության ապրանքները հասցնելու համար

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»․ Պետք է օդային միջանցք բացել` առաջին անհրաժեշտության ապրանքները հասցնելու համար

PanARMENIAN.Net - «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է մարդասիրական օդային միջանցք բացել դեպի Արցախ:

«Արցախը հումանիտար աղետի իրավիճակում է գտնվում: 2022-ի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումների մատակարարումը, իսկ հուլիսի 11-ից՝ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը:

Այն, ինչ կատարվում է Արցախում, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքով սահմանված «հումանիտար աղետ» ձևակերպմանը: Սա իրական ցեղասպանություն է: Իրավիճակը կրիտիակական է: Մահվան նոր դեպքերը լինելու են նրանց խղճին, ովքեր տեսել, իմացել ու լռել են:

Այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրությունը լուռ է ու կույր է ձևանում: Ադրբեջանը արհամարհում և չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու որոշումը, որը վերահաստատվեց հուլիսի 6 -ին, անտեսում է միջազգային խորհրդարանական կառույցների կոչերն ու բանաձևերը, քանի որ որևէ պատժամիջոց նրա նկատմամբ չի կիրառվում:

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն այս իրավիճակում չի կարողանում կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որով պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ:

Այո, իրավիճակը պահանջում է դիվանագիտական, քաղաքական, բանակցային ճանապարհով լուծումներ: Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ մենք դա արդեն չունենք:

Հենց հիմա արդեն անհրաժեշտ է անհապաղ փրկել նրանց, ովքեր կրիտիկական վիճակում են: Հենց հիմա Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին հումանիտար աղետից փրկելու համար անհրաժեշտ է օդային միջանցք բացել` առաջին անհրաժեշտության ապրանքները տեղ հասցնելու համար։

Այսօր ադրբեջանական կողմից հայտարարություն եղավ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին: Միջազգային հանրության համար միգուցե սա առաջին հայացքից կարող է նորմալ թվալ, բայց Արցախում բոլորը շատ լավ գիտեն, թե այս հայտարարության տակ անվտանգության առումով ինչպիսի սպառնալիքներ կան և այն ինչ ռիսկեր ու հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։

Դա մեզ համար ելք և լուծում չէ և չի կարող լինել: Դա հենց էթնիկ զտման քաղաքականության իրագործում է»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:

Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---