Երասխի գործարանի սեփականատերեր․ Բանվորերի վրա կրակը կդիտվի ուղիղ հարված ամերիկյան կապիտալին

Երասխի գործարանի սեփականատերեր․ Բանվորերի վրա կրակը կդիտվի ուղիղ հարված ամերիկյան կապիտալին

PanARMENIAN.Net - Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան Virtual Funding և CSE Global Investments ընկերությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակահերթ արձակի անզեն բանվորերի ուղղությամբ, ընկերությունները դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է։

Նշվում է, որ վերոնշյալ ընկերությունները գործողություններ են իրականացնելու միջազգային իրավական հարթակներում, որոնց համար չեն խնայի որևէ միջոց և պահանջելու են կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում:

«Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ թվում՝ արձանագրված մոտ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից», ասված է հաղորդագրությունում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընկերությունները կեղծ են որակել այն պնդումները, թե Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար:

Նշվում է, որ գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները ձուլելու արդյուքում վերածվում են ամրանների:

«Այս պարագայում չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավել երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում,և գտնվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա։

Նրանք նշել են նաև, որ Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են գործարանից մոտ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը՝ 1.8 կմ հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի կարող լինել»,-ասվում է հայտարարության մեջ։

Ասվում է նաև, որ գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից:

«Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն»,– ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունները հայտնում են, որ վերոհիշյալ պնդումներն ապացուցելու համար նրանք պատրաստ են աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռահար ձևաչափերով:

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։

Վերջին օրերին Ադրբեջանի ՀԿ-ներն ու նախագահ Իլհամ Ալիևը «պահանջում են» ՀՀ-ից դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումն ու հանքարդյունաբերական մի շարք ընկերությունների գործունեությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ հասցեին Ադրբեջանից հնչող բնապահպանական բնույթի մեղադրանքներին, ներկայացրել է 2022թ. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 56-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 104-րդը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---