Արցախի ԱԺ նախագահը դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ԱՀ անկախության ճանաչմանն աջակցելու խնդրանքով

Արցախի ԱԺ նախագահը դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ԱՀ անկախության ճանաչմանն աջակցելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։

Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։

Փաստելով, որ նույնիսկ 2020-ի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են` Արթուր Թովմասյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները, ստեղծված իրավիճակը գնահատել որպես լիակատար շրջափակման մեջ գտնվող արցախահայության հայրենազրկման վտանգ և այս կապակցությամբ ահազանգել է միջազգային հանրությանը։

Արցախի խորհրդարանի ղեկավարը խորապես համոզված է, որ ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ Ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։ Նա վստահեցրել է գործընկերներին, որ ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան ու ներկայացրել է դրանցից ամենկարևորները։

Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ բնակչության համար անվտանգության վստահելի երաշխիք կդառնա, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---