17 հուլիսի 2023 - 12:57 AMT
Արցախի ուսանողները չեն կարողանա ՀՀ բուհեր ընդունվել

Լիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի դիմորդները զրկվել են հայաստանյան բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից` խոսքը ներբուհական քննությունների մասին է: Այդ մասին հայտնել է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։

Քննարկումներից հետո թե Արցախի, և թե Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու հեռավար տարբերակն են ընտրել, գրում է Panorama.am-ը։

Քննությունները հանձնելուց, ընդունվելուց հետո երկրորդ հարցն է առաջացել՝ պաշարված Արցախից ինչպես Երևան հասնել: Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն դասերը ևս առցանց տարբերակով անցկացնել:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։