ԱՀ պետնախարար․ Արցախում մեկնարկած շարժումը կծավալվի նաև ՀՀ-ում

ԱՀ պետնախարար․ Արցախում մեկնարկած շարժումը կծավալվի նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ-ում մեկնարկած համաժողովրդական շարժումը հուլիսի 17-ից կծավալվի նաև Հայաստանում։

Նա գրել է, որ պետք է համախմբվել ու գործել, իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե՝ չխանգարել։

«Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։

Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---