ՌԴ ԱԳՆ․ Պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա

ՌԴ ԱԳՆ․ Պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ, անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամային վիճակին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս և այդ պայմաններում պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա։

«2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դրությունը։

Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Այդ պայմանագրի անբաժան մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև ՌԴ Ադրբեջանի և ՀՀ միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ կատարումը` այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Հաշվի առնելով այդ ամենը՝ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ՌԴ-ն պատրաստ է առաջիկայում Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, հետագայում Մոսկվայում ՌԴ-Ադրբեջան-ՀՀ գագաթնաժողովի կազմակերպմամբ՝ նշված փաստաթուղթը ստորագրելու նպատակով։

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը տվյալ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումից։ Դա կարող է ամենադրամատիկ հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար»,– նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---