ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022-ի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից»,- ասվում է գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---