17 հուլիսի 2023 - 16:41 AMT
Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել ՌԴ դեսպանատուն

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականցրել Արցախի ապաշրջափակման պահանջով։ Ակցիային միացած ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ այսօրվա իշխանությունները հրաժարվել են զբաղվել Արցախի խնդրով ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլ որպես բանակցային կողմ։ Դրա համար էլ այսօրվա ակցիայի մասնակիցները եկել են ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` հույս ունենալով, որ կառույցն ականջալուր կլինի արցախցիների պահանջներին։

Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները քայլերթով հասել են ՌԴ դեսպանատուն, նամակ փոխանցել ՌԴ դեսպանատան աշխատակիցներին` պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրանք հիշեցրել են օրեր առաջ Արցախում տեղի ունեցած դեպքը, երբ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաների էին մահացել։

«Մայրը երեխաներին ճարահատյալ մենակ էր թողել, նա գնացել էր, որպեսզի կտրոնով շաքարավազ և ձեթ բերի, որ շրջափակման մեջ գտնվող երեխանները սնունդ ունենան։ 21-րդ դարն է, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք` կյանքի ճանապարհը (Լաչինի միջանցքը) պետք է բացվի»,– ասել է ակցիայի մասնակից Ադելինա Ավետիսյանը։

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժումը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: Հուլիսի 17-ից հաջակցություն Արցախի ակցիաներ են սկսվել նաև ՀՀ-ում։