«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլ՝ ՄԱԿ գրասենյակի մոտ

«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլ՝ ՄԱԿ գրասենյակի մոտ

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը և բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ են անում՝ հաջակցություն արցախահայության։ Հացադուլը կրում է «Կանայք հանուն Արցախի» խորագիրը։

Նրանք հույս են հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի, դրան կմիանան այլ կանայք, հայտնում է «Առավոտը»։

«Քանի որ բոլոր պարամետրերով հումանիտար ճգնաժամ է հիմա Արցախում, ես Ֆեյսբուքում գրեցի, որ գուցե կանանց մեկօրյա խորհրդանշանական, բայց շարունակական հացադուլ անենք, կանայք հերթափոխով փոխվեն։ Անմիջապես արձագանքեց բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը, որոշեցինք գալ այստեղ, 24-ժամյա հացադուլ անել։ Նպատակ ունենք նաև ցույց տալ, որ ապրումակից ենք արցախցիներին։ Այո, մեր խանութներում ամեն ինչ կա, բայց մենք կամավոր այդ նույն վիճակի մեջ ենք»,-ասել է Սեդրակյանը։

Անուշ Սեդրակյանն ասել է, որ հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են անում, քանի որ ՄԱԿ-ն ունի բոլոր լիազորությունները, որ գոնե պարեն ապահովի արցախցիների համար։

«Պարենի մատակարարումն արագ արձագանքման ծրագիր է, և նրանք կարող են շատ արագ պարեն ապահովել հատուկ մեքենաներով։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կհամարձակվի կրակել պարեն բերող ՄԱԿ-ի մեքենաների վրա։ Եթե հացադուլը լինի շարունակական, ինձ թվում է՝ այն իր արդյունքը կունենա։ Ոգու սովից ավելի ահավոր սով չկա։ Մեզ փորձում են գիտակցաբար մատնել ոգու սովի, փորձում են ցույց տալ, որ մենք բարոյալքված ենք, որ ապատիկ ենք, որ ոչինչ չենք կարող անել։ Մենք կարող ենք սովորել մանր բարոյական պարտք կատարելու արվեստը»,- հավելել է Անուշ Սեդրակյանը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---