18 հուլիսի 2023 - 13:09 AMT
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել ՀՀ Արարատի մարզի Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ

Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։

Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։

2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել Հնդկաստանի երկու քաղաքացի։

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։

Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։