Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի, այդպիսին է ոչ միայն Ավստրիայի, այլև ամբողջ Եվրամիության դիրքորոշումը։ Այդ մասին նա ասել է Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը մտահոգված է Ուկրաինայի հակամարտությամբ, սակայն չպետք է մոռանալ նաև ԵՄ մյուս հարևաններին, այդ թվում` Հարավային Կովկասը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել և պետք է անհապաղ դադարեցվի», - հայտարարել Է նախարարը:
Նախարարը նշել է, որ Վիեննան մտահոգված է սրվող հումանիտար իրադրությամբ, ուստի անհրաժեշտ է գոնե միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ բացել` մարդասիրական օգնություն հասցնելու համար: Դա նվազագույնն է, ինչ կարելի է անել։
«Մենք գտնվում ենք խաղաղ բանակցությունների փուլում, սակայն դրանց համար փոխադարձ վստահություն է պետք։ Իրավիճակը Լաչինի միջանցքում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ և կարող է խաթարել բանակցություններում ներդրված բոլոր ջանքերը», - հայտարարել է Շալենբերգը։
Նա նշել է նաև մի շարք այլ չլուծված հարցեր՝ գերեվարված անձանց վերադարձը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերը։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։