19 հուլիսի 2023 - 15:49 AMT
Ջերմուկում 127,794 քմ տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ականազերծողները շարունակում են Վայոց ձորիՋերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։

Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ 122 մմ արկի պայթուցիչ, ԲՄ 21 («Գրադ»)-ի հրթիռի մնացորդներ։

2023-ի մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչ օրս «ՀԱՓԿ» ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127,794 քմ, որից ենթամակերեսային՝ 10,662 քմ տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 քմ, որից ենթամակերեսային՝ 10 958 քմ տարածք։

Մաքրման աշխատանքները Ջերմուկում շարունակվում են։

2023-ի ապրիլին ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավելի քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ։

Ասրյանը հայտնել է, որ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղությամբ, որոնցից 2-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի ուղղությամբ։