Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացրել է, որ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի, հայտնում է Արմենպրեսը։
Դեսպանը շեշտել է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար:
«Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքները, սակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։ Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թ. սեպտեմբերին և դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում»,-ասել է դեսպանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։