21 հուլիսի 2023 - 18:02 AMT
Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մոտ օրերին կհանդիպեն Մոսկվայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում, հայտնում է Interfax.az-ը։

«Բանակցությունների հաջորդ փուլը (ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով) պետք է տեղի ունենա մոտ օրերս Մոսկվայում»,- ասել է Ալիևն օկուպացված Շուշիում ելույթի ժամանակ։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է ընդունել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարներիեռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- ասել է նա։ Այդ մասին ասվում էր նաև ավելի վաղ հրապարակված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։