Փաշինյան․ Չենք կարող աչք փակել ԼՂ-ում հայերի վիճակի վրա

Փաշինյան․ Չենք կարող աչք փակել ԼՂ-ում հայերի վիճակի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ կողմից Արցախ ուղարկված հումանիտար բեռով ավտոշարասյանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանը չի կարող աչք փակել այն վիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղ բացառապես հումանիտար բեռ է ուղարկվել։

«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Ուղարկված 360 տոննա կենսական նշանակության սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»,– ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը, որը մինչև ուշ երեկո չկա։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել էր, թե Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։

ԿԽՄԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած անդադար ջանքերին, չի կարողանում օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով՝ այդ թվում Աղդամով: ԿԽՄԿ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։

 Ուշագրավ
---