Պետդեպը՝ Մոսկվային. ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է

Պետդեպը՝ Մոսկվային. ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ՝ խաղաղության համաձայանգրին հասնելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայի հնչեցրած տեսակետին, թե «հապճեպ» պատրաստված, «հում» խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի բերի։

Նա հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանությունների», փոխանցում է «Ազատությունը»։

Օրերս ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել էր, որ «հապճեպ պատրաստված խաղաղության «հում» պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին»: Ըստ նրա, հակառակը՝ այն ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդառնա.«Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը»,- նշել էր դիվանագետը։

«Չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ուզում եմ խոսել այն երկու երկրի մասին, որոնք անմիջականորեն առնչվում են այս քննարկմանը, անմիջական կողմ են։ Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվում ենք։ Հատուկ բանագնաց Լուիս Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ, ու մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների ցանկացած մեկնաբանության։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար», - ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

Բոնոն տարածաշրջանային այցի ընթացքում եղել է ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում: ՀՀ-ում նա քննարկել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական խաղաղության հասնելու ուղիները։

Անդրադառնալով Թուրքիայի դերին խաղաղության գործընթացում, Միլլերը, հղում անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի օգոստոսի 5-ի հեռախոսազրույցին, նշել է. « Չեմ ուզում այդ (հեռախոսազրույցի,- խմբ.) մասին մանրամասն խոսել, դա մասնավոր դիվանագիտական զրույց էր: Բայց մենք իրոք հավատում ենք, որ Թուրքիան կարող է պրոդուկտիվ դեր խաղալ նաև այս հարցում, ինչպես անում է այլ հարցերում ևս»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---