ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

«Մենք խորապես մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառավությանը կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ երթևեկությունը այդ միջացքով», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարելու Ղարաբաղի հարցով, և ակնկալում են, որ այնտեղ քննարկումները կշարունակվեն, հայտնում է «Ազատությունը»։

Պատելը խուսափել է պատասխանել, թե այդ հարցով ՄԱԿ-ում ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն, ասելով, թե չի պատրաստվում հանդիպումից առաջ ընկնել։

«Բայց մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի լուծելու այդ երկարատև հակամարտությունը, և մենք կարծում ենք՝ ցանկացված ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ բան կլինի և դրական քայլ առաջ»,- ասել է Պատելը։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի կունենա Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Երևանի ժամանակով այն կմեկնարկի ժամը 23:00-ին։ Նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ Նա նշել էր, որ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---