Օսկանյան․ Բաքուն կարող է Լաչինը բացելու դիմաց պահանջել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ՝ ՀՀ մտքով չպետք է անցնի մտնել այդ առևտրի մեջ

Օսկանյան․ Բաքուն կարող է Լաչինը բացելու դիմաց պահանջել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ՝ ՀՀ մտքով չպետք է անցնի մտնել այդ առևտրի մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ օգոստոսի 16-ին կայանալիք հրատապ նիստին, ասել է, որ Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը՝ Հայաստանի իշխանությունների մտքով չպետք է անցնի, որ իրենք մտնեն նման առևտրի մեջ։

Նա վստահ է, որ Ադրբեջանը կմտնի այդ առևտրի մեջ և չի կասկածում նաև, որ ԱՄՆ–ն և մյուս երկրներն էլ սրան դեմ չեն լինի, ավելին` Հայաստանին էլ կհամոզեն գնալ այդ քայլին, գրում է Sputnik Արմենիան։

«Սա կլինի մեզ համար մեծ հարված, ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որևէ ձգտման։ Սա չպետք է թույլ տալ, Հայաստանի իշխանությունների մտքով չպետք է անցնի, որ իրենք մտնեն նման առևտրի մեջ»,– շեշտել է Օսկանյանը։

Օսկանյանը հույս ունի, որ Արցախի հարցը ՄԱԿ–ի ԱԽ տանելուց առաջ Հայաստանը դիվանագիտական լուրջ աշխատանք արդեն արել է և Նյու Յորքում կունենա անդամ երկրների աջակցությունը, որպեսզի հանկարծ այնտեղ այլ զարգացումներ չլինեն, ինչի վտանգն իսկապես կա։

Հայաստանի պատվիրակությունը պետք է կարողանա հենց Նյու Յորքում, այսպես ասած, վերահսկողության տակ վերցնել հարցի քննարկումը, որ հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա և հերթական մղձավանջի չվերածվի։

«Ես հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը ճիշտ աշխատանք է տարել այս վերջին շրջանում տարբեր կողմերի հետ, հիմնականում Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների, բայց նաև մյուս անդամների հետ։ Եվ բոլորին շատ հստակ ասվել է հետևյալը այս հարցը մենք տանում ենք Անվտանգության խորհուրդ` ելնելով իրավիճակի սղությունից ,մի նպատակով, որ մենք այնտեղ ստանանք մի բանաձև կամ հայտարարություն, որը կպարտադրի Ադրբեջանին բացել այդ ճանապարհը»,– նշել է Օսկանյանը։

Նա կարծում է, որ հայկական կողմը կարևոր հարցի պատասխանը պետք է շատ հիմնավոր ու վճռական ունենա։ Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները ճանաչել և ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, եթե Հայաստանն ընդունի և Արցախին էլ համոզի ընդունել հումանիտար օգնությունն ընտրել Աղդամի ճանապարհով։

«Իհարկե այդ հարցի պատասխանը կա, ես ունեմ, վստահ եմ, որ շատ մարդիկ ունեն, վստահ եմ, որ ԱԳՆ–ն էլ ունի, բայց եթե հանկարծ չունեն կամ կասկածում են, խնդրեմ, թող զանգեն, ես պատրաստ եմ խորհրդակցել և տալ իմ կարծիքը»,–նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին երկարամյա ղեկավարը։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի կունենա Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Երևանի ժամանակով այն կմեկնարկի ժամը 23:00-ին։ Նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ Նա նշել էր, որ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---