ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում խոսել է կողմերին արված «իրատեսական կոմպրոմիսների» մասին առաջարկից

ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում խոսել է կողմերին արված «իրատեսական կոմպրոմիսների» մասին  առաջարկից

PanARMENIAN.Net - ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ին հրատապ նիստում խոսել է կողմերին արված «իրատեսական կոմպրոմիսների» մասին, որը ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով և Լաչինով։

Նա նշել է, որ հուլիսի 25-ին ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների ժամանակ՝ Մոսկվայում իրենք առաջարկել են «իրատեսական կոմպրոմիսներ», գրում է «Առավոտը»։

«Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով և Լաչինով քաղաքացիական անձանց և բեռների տեղաշարժի համար, որ արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են ԼՂ-ում իրավիճակի նորմալացմամբ և ՀՀ-Ադրբեջան հաշտեցմամբ»,-նշել է Պոլյանսկին։

Նա հավելել է՝ ՌԴ-ն մտահոգված է, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Այժմ ավելի շատ, քան նախկինում՝ տեղում քայլեր են անհրաժեշտ թոթափելու լարվածությունը ԼՂ շուրջ, մասնավորապես դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործելու մարդասիրական այլ ճանապարհներ»,-ասել է նա:

Նա վստահեցրել է, որ ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որ արագ հանգուցալուծվի այս ճգնաժամը և աջակցեն հարաբերությունների նորմալացմանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։

«ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդների միջև»,-ասել է նա։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: Դեռ պարզ չէ՝ արդյոք հայտարարություն կամ բանաձև կընդունվի քննարկումների արդյունքում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---