Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ նիստում կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ նիստում կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, ապրանքների և պարագաների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։

«Ադրբեջանը շարունակում է մեկուսացման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ամբողջ աշխարհից՝ առանց որևէ իրավական պատճառի, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական բեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին այս իրավիճակի հետևանքները վերացնելու համար։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները »,- իր ելույթում շեշտել է Ֆրանսիայի ներկայացուցիչը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այս տարվա փետրվարի 22-ին հրապարակել է որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանին պարտավորեցրեց իր ստանձնած պարտավորություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորություններն ու ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի մատնանշած միջոցները։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, կոչ է անում, որ անմիջապես, առանց խոչընդոտների միջազգային կազմակերպությունները, մարդասիրական և ՄԱԿ-ի կառույցները հնարավորություն ունենան աշխատել տեղի բնակչության հետ և աշխատեն Լաչինի միջանցքով»,- շեշտել է Բրոդհերսթը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում մնայուն և արդար խաղաղության օրակարգին, ուստի կոչ է անում, որ վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող։ Դա հնարավոր է միայն երկխոսությամբ՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրման։

«Լիովին աջակցում ենք և մասնակցում ենք միջնորդական ջանքերին, որոնք առաջնորդում է Եվրամիությունը, մասնավորապես՝ կարգավորման գործընթացին։ Մմենք կաջակցենք, որ քննարկվող բոլոր թեմաների ուղղությամբ առաջընթաց լինի, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի, սահմանագծման, մարդասիրական հարցերի և հաղորդակցության ուղիների բացման հարցերով»,- իր հայտարարության տեքստում նշել է Ֆրանսիայի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: Դեռ պարզ չէ՝ արդյոք հայտարարություն կամ բանաձև կընդունվի քննարկումների արդյունքում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---