Սևանը կհսկվի նաև դրոններով․ Ապօրինի ձկնորսությունն անհնար կլինի

Սևանը կհսկվի նաև դրոններով․ Ապօրինի ձկնորսությունն անհնար կլինի

PanARMENIAN.Net - Կառավարությունն իր հերթական նիստում հավանության է արժանացրել Ներքին գործերի նախարարության ծրագիրը Սևանում ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սևանա լիճը ռազմավարական նշանակություն ունի և ավելի շատ ուշադրության պետք է արժանանա։ Նա նշել է նաև, որ ձկնորսության նոր կանոններ են մշակվում։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասել է, որ ձեռք է բերվելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կշրջեն Սևանա լճում։

«Այսինքն՝ ապօրինի ձկնորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով», - ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ այսօրվանից պետք է ակտիվ շփումներ իրականացնել ձկնորսությամբ զբաղվողների հետ՝ ներկայացնելով մշակվող ընթացակարգերը։ Նա հավելել է, որ կան խնդիրներ Սևանի ձկնապաշարների գնահատման առումով, հրավիրվել են միջազգային փորձագետներ, գնահատականը պատրաստ կլինի սեպտեմբերին, որի համաձայն էլ կսահմանվեն տարեկան քվոտաներ։

Ջրային պարեկության մասով նշվել է, որ նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները, հայտնում է Aysor.am-ը։

Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր եւ 3 տեղանոց չորս սկուտեր։

«Ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափներում ջրահեղձության 2 դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։ Սևանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---