Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջը ջնջվել է. Պատճառն ադրբեջանցիների բողոքներն են

Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջը ջնջվել է. Պատճառն ադրբեջանցիների բողոքներն են

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ կես միլիոն հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների պատճառով, հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:

Նշվում է, որ Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում: ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում:

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---