Ոստիկանությունը՝ Շենգավիթի բաժնում միջադեպի մասին․ Տղամարդն ագրեսիվ վարք է դրսևորել

Ոստիկանությունը՝ Շենգավիթի բաժնում միջադեպի մասին․ Տղամարդն ագրեսիվ վարք է դրսևորել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ոստիկանության Շենգավիթի բաժնում պարեկների գործողության վերաբերյալ՝ նշելով, որ ձերբակալված տղամարդն ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։

Սոցցանցերում լուրեր ու լուսանկարներ էին տարածվել պարեկների կողմից տղամարդուն խոշտանգելու մասին:

Նշվում է, որ օգոստոսի 31-ին` ժամը 1։40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:

«Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին: Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:

Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ :

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար’ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն:

Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---