Օկամպո. Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն

Օկամպո. Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդել է, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին: Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրել է մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:

«Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներ միաձայն որոշել են, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին»,- ասել է նա:

Լուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:

«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշեց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:

Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:

«Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասել է Օկամպոն։

Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:

«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- փոխանցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։

Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ, Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---