Միշելն առաջարկում է բացել Լաչինի միջանցքն ու շահագործել Աղդամի երթուղին

Միշելն առաջարկում է բացել Լաչինի միջանցքն ու շահագործել Աղդամի երթուղին

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն։

Նրա խոսքով` այս քայլերի հաջորդականությունը և ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը վերջին քննարկումների առանցքում են եղել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը, որին աջակցել է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, առաջնահերթ կարգով կենտրոնացել են Ղարաբաղում ապրող հայերի հումանիտար իրավիճակի լուծման ուղղությամբ: Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախ են շփվել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար»,– ասել է Կասինժե:

Նա շեշտել է, որ ներկայում հումանիտար իրավիճակը Ղարաբաղում սրընթաց վատթարանում է. չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:

«ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ համաձայնագրերի և Միջազգային դատարանի որոշման համաձայն և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների ապահովման համար կարող է նաև լինել կոնկրետ ու կայուն լուծման մաս` հրատապ և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար»,– ասել է Կասինժեն:

Նա հայտնել է, որ այս քննարկումը սկսվել է 2023–ի հուլիսի 15-ին Բրյուսելում` Միշել–Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումից հետո։

ԵՄ–ն ընդգծել է, որ Բաքուն պետք է հստակեցնի նաև Ղարաբաղում ապրող հայերի համար Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժի կարգը:

Զուգահեռաբար քննարկվել է նաև ԼՂ հայությանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման հարցը։

ԵՄ–ն նաև ընդգծել է հակամարտության հետևանքների վերացման անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն կարգավորմանը նպաստելու համար:

«Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կարևոր նշանակություն կունենա այդ առումով: Ղարաբաղահայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, և հստակ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»,– նշված է Կասինժեի տարածած հայտարարության մեջ։

Նա շեշտել է, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այդ գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն աջակցելու նպատակով փոխգործակցության վերաբերյալ: Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարի` այս ամենի նպատակն է ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հօգուտ բնակչության։

«Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը, այդ թվում ՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո»,– շեշտել է խոսնակը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն այս ջանքերում համագործակցում է այլ միջազգային դերակատարների հետ` փորձելով գտնել ներկայիս անկայուն իրավիճակը կարգավորելու լավագույն ճանապարհը:

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---