Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, դրանց տրամադրումը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։
Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ), հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է.
Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։
Կտրոնների տրամադրման տեղամասերը, օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են։
Քանի որ կտրոնները համարակալված են, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։
Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի հավելյալ։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: