28 ապրիլի 2009 - 21:59 AMT
Քիմիական արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է «Նաիրիտ» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել արտադրական ներկա կարողություններին եւ գործարանի զարգացման հնարավորություններին: Այդ մասին հայտնում է կառավարության` հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժինը:

Հաղորդագրության համաձայն, վարչապետը դրական է գնահատել գործարանի աշխատանքը, նշելով, որ գործարանի առաջնահերթ խնդիրն իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «Նաիրիտը» զարգացման մեծ հնարավորություններ ունի, եւ եթե մշակված զարգացման ծրագրին համապատասխան աշխատի իր ամբողջ հզորությամբ, կնպաստի նաեւ տասնյակ ձեռնարկությունների արագ թափով գործարկմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Նաիրիտը» պետության համար ունի էական նշանակություն, նրա աշխատանքը մեծ թափ է հաղորդում քիմիական արդյունաբերությանը, թույլ է տալիս նոր տեխնոլոգիաներ ներդնել, նոր արտադրություններ կազմակերպել: Քիմիական արդյունաբերությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի համար, իսկ առանց «Նաիրիտի» քիմիական արդյունաբերության մեջ չենք կարող բեկումնային ծրագրեր իրականացնել», - ասել է վարչապետը: