Արցախի նախագահի պաշտոնում ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել են Սամվել Շահրամանյանին

Արցախի նախագահի պաշտոնում ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել են Սամվել Շահրամանյանին

PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցություն ՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական», Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Այս մասին ասել է «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Երեկ հանդիպում ենք ունեցել պարոն Շահրամանյանի հետ, ինչի արդյունքում որոշում ենք կայացրել առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Հանդիպմանը երեք խմբակցություններով ենք եղել, բայց ամեն խմբակցություն առանձին-առանձին փաթեթով է ներկայացնում՝ որպես յուրաքանչյուր խմբակցության թեկնածու»,- մանրամասնել է պատգամավորը։

Նա նշել է, որ «Արդարություն» խմբակցությունը սեպտեմբերի 5–ին արդեն ԱԺ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ առաջադրելով Սամվել Շահրամանյանին որպես իրենց խմբակցության նախագահի թեկնածու։

Հակոբյանն ասել է, որ իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցության պատգամավորները նույնպես հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ։

«Եթե չեմ սխալվում, արդեն հաստատել են, որ իրենց թեկնածուն նույնպես պարոն Շահրամանյանն է»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ մյուս՝ «Միասնական հայրենիք» խմբակցության որոշման մասին տեղեկություն չունի։

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել էր նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխության համաձայն, Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը։ Համաձայն այդ փոփոխության՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---