Բաքվում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ են կանչել նախագահի՝ G20–ում «Ադրբեջանի դեմ ագրեսիվ արտահայտությունների» համար

Բաքվում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ են կանչել նախագահի՝ G20–ում «Ադրբեջանի դեմ ագրեսիվ արտահայտությունների» համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելուշիին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել՝ G20–ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կողմից Ադրբեջանի հասցեին արված «ագրեսիվ արտահայտությունների» համար։

Ադրբեջանի ԱԳՆ–ն ափսոսանք է հայտնել արտահայտված «անհիմն գաղափարների» կապակցությամբ, որոնք «հիմնված են Հայաստանի վարած զրպարտչական քարոզարշավի վրա, որն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», գրում է Haqqin.az-ը։

Ֆերնանդեսը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի ժամանակ ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը «իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է»:

«Այն ժամանակ, երբ Եվրոպայի արևելքում մոլեգնում է պատերազմ և բազմապատկվում են բռնի հակամարտությունները, որոնք հասարակության հատուկ ուշադրությունը չեն գրավում, նույնքան ցավոտ է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, որը հերթական անգամ պատժում է հայ ժողովրդին իր տարածքի մի մասում», – ասել է Ֆեռնանդեսը, հայտնում է Diarioarmenia.org -ը:

Սեպտեմբերի 9–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, և որն Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Նշվում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---