Փաշինյան․ Իրադրությունը սահմանին չի փոխվել՝ Պուտինը տեղեկացված է այդ մասին և նոր զանգի անհրաժեշտություն չի եղել

Փաշինյան․ Իրադրությունը սահմանին չի փոխվել՝ Պուտինը տեղեկացված է այդ մասին և նոր զանգի անհրաժեշտություն չի եղել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ Ադրբեջանի ԶՈւ–ն կուտակումներ ունի ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Այն հարցին, թե տարբեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ֆոնին ինչու վարչապետը չի խոսել սահմանին տիրող իրավիճակի մասին դաշնակից երկիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Փաշինյանը պատասխանել է, որ առաջին զանգը հենց նրան է եղել:

«Ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ վերջերս, մյուսների հետ չեմ խոսել։ Այդ զանգերի նպատակն այն գործընկերներին տեղեկություններ փոխանցելն էր, ովքեր որոշ նրբությունների տեղեկացված չեն, իսկ ՌԴ նախագահը տեղեկացված է իրավիճակի մասին։ Այս առումով, ցավոք, մեր խոսակցությունից ի վեր, իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության կարիք լիներ ՌԴ նախագահի հետ»,- ասել է նա:

Փաշինյանը նկատել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվել դեռևս է 2022-ի դեկտեմբերից, և այդ ընթացքում նա տասնյակից ավելի զրույցներ է ունեցել Պուտինի հետ:

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույցներ կարող են տեղի ունենալ։

ՀՀ վարչապետը սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին հեռախոսազրույցներ ունեցավ Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, ղեկավարների հետ:

 Ուշագրավ
---