Freedom House-ի նախագահ․ Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր

Freedom House-ի նախագահ․ Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր

PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան Freedom House կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զինտեխնիկայի կուտակումների և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման վտանգի կապակցությամբ։

«Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում շարունակվող հումանիտար ճգնաժամը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը:

Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հայտարարության մեջ։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---