12 սեպտեմբերի 2023 - 13:13 AMT
ՌԴ բեռնատարով Արցախ է ներկրվել սնունդ, անկողնային և հիգիենիկ պարագաներ

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացրել է, թե ինչ բեռներ են ներկրվել ԱՀ Ասկերան քաղաքով մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարով։

Ապրանքատեսակների ցանկում է 1000 մթերային փաթեթ, 192 մանկական հավաքածու, 270 անկողնային պարագայի հավաքածու և հիգիենիկ պարագաների 200 հավաքածու։

Մթերային փաթեթի մեջ մտնում է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոնի փաթեթ (3 հատ), 1 կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց 5 տուփ պահածոյացված շոգեխաշած միս։ Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11․4 կգ է։

Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի։

Հիգիենիկ մեկ հավաքածուն ներառում է 3 հատ ատամի խոզանակ, 10 հատ օճառ, 1 հատ ջերմաչափ։

Անկողնային պարագաների հավաքածուն ներառում է անկողնային սպիտակեղենի հավաքածու, 1 հատ բարձ և 1 հատ ծածկոց։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։