Աբրահամյան․ ՌԴ–ն բանակցում է Արցախի ու Ադրբեջանի հետ՝ ինտենսիվ աշխատանք է տարվում, որ սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը

Աբրահամյան․ ՌԴ–ն բանակցում է Արցախի ու Ադրբեջանի հետ՝ ինտենսիվ աշխատանք է տարվում, որ սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը բանակցում է Արցախի ու Ադրբեջանի հետ՝ ինտենսիվ աշխատանք է իրականացվում, որ սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը։

«Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի վերագործարկումը», - նշել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը:

Պատգամավորի խոսքով` Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը:

«Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», - նշել է Աբրահամյանը:

Նա ասել է, թե բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»:

 Ուշագրավ
---