Կիևյան կամուրջն արդեն բավական վտանգավոր վիճակում է գտնվում և պետք է հիմնանորոգվի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Կիևյան կամուրջն ունի հիմնանորոգման կարիք, մենք արդեն իսկ ունենք կամրջի հիմնանորոգման նախագիծը։ Արդեն իսկ բավական վտանգավոր վիճակում է գտնվում, հենց այս տարի սկսում ենք այդ հիմնանորոգումներն իրականացնել։ Եվ հաջորդ տարի այդ աշխատանքներն ավարտին ենք հասցնելու։ Առհասարակ այս տարի շատ մեծ ուշադրություն ենք դարձրել նմանատիպ ենթակառուցվածքներին՝ կամուրջներին, էստակադաներին»,- ասել է Ավինյանը, գրում է Aravօt.am-ը։
Նա նշել է, որ ենթակառուցվածքների հիմնանորոգման տեսանկյունից ռեկորդային տարի է եղել այս տարի։
«Այս տեմպը եթե մի քիչ էլ ավելացնենք, Երևան քաղաքը 5 տարում ամբողջովին այլ տեսք է ունենալու»,- ասել է նա։
Կամուրջը գործարկվել է 1956 թվականին։ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60․5 մետր։ Երկաթբետոնե կոշտ ամրանավորմամբ կամարային թռիչքային կառուցվածք է՝ միջանցիկ վերթաղային կառուցվածքով։