12 սեպտեմբերի 2023 - 18:20 AMT
Նախագիծ․ Օդակայանի հատուկ սրահից կօգտվեն նաև պաշտոնյաների ընտանիքի անդամները

Օդանավակայանի հատուկ սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնյաների ընտանիքի անդամները։ Նման փոփոխություն է նախատեսվում Ազգային ժողովում քննարկվող նախագծով։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը, նա նշել է, որ կատարվելիք փոփոխությունը պայմանավորված է ՀՀ՝ նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցմամբ:

«Լրացնում ենք այն որոշումների շղթան, որոնք կայացվել են դեռևս 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ ԱԺ իրավական փորձաքննության բաժնի աշխատակիցները կարևոր տեխնիկական առաջարկներ են արել, որոնք հնարավոր է ընդունել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանի վարչապետը։

«Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչվել ու մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ասել է, որ գործընթացը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված։

Ըստ զեկուցողի՝ վերը նշվածը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ և 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ: