ԵՄ․ Աղդամով երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը

ԵՄ․ Աղդամով երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը

PanARMENIAN.Net - ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակն անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական մեքենայի մուտքին Ստեփանակերտ, խոսել Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։

Նա նշել է, որ Աղդամով երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք նշում ենք այսօր ռուսական մարդասիրական առաքման անցումն Աղդամ-Ասկերան երթուղով։ Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված ամբողջ զգայունությունը։ Մեր ակնկալիքն է, որ դա խթանի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:

Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն։

Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել։ Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:

Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանի, և ընդգծում ենք մեր հավատամքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության։

ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ»,–ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---