Փաշինյան. ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ

Փաշինյան. ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի համար անընդունելի է և «կարմիր գիծ է» ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն։

Նա հավելել է, որ ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ջուլհակյանը մեջբերել էր Ստամբուլում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի` «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հայտարարությունը։ Թուրք նախարարն ասել էր, թե առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին։

«Եռակողմ հայտարարության մեջ սուվերենության որոշակի սահմանափակմամբ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը։ ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ»,– ասաց վարչապետը։

Միաժամանակ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին` շեշտելով, որ Հայաստանը կողմ է Հորադիզ–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղու վերաբացմանը, և այն մեր երկրի համար կարևոր նախագիծ է համարում, որ Հայաստանը կողմ է նաև տարածաշրջանի երթուղիների բացմանը։

«Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները` Հայաստանի տարածքով հաղորդակցվեն։ Արդյոք մենք դե՞մ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրագծեր։ Ոչ, դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով և հետաքրքրված ենք։ Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,– շեշտել է վարչապետը։

Նա հիշեցրել է նաև, որ արդեն երկար ժամանակ է կառավարության օրակարգում շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու նախագիծ մեկը Նախիջևանի, երկուսը Ադրբեջանի արևմտյան շրջանների սահմանին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---